Դպրոցի մասին

Հազարամյակից ավելի պատմություն ունեցող Տաթև գյուղն ունեցել է իր դպրոցը: Հասկանալի է, որ այն սկզբնական շրջանում եղել է եկեղեցուն կից ծխական դպրոց: Այդ  դպրոցի գոյության 150-ամյակի կապակցությամբ, 2002թ. հրատարակվեց ճանաչված լեզվաբան, բազմավաստակ մանկավարժ, դոցենտ Պ.Պողոսյանի կողմից դեռևս 1968թ. գրված <<Տաթևի դպրոցի համառոտ պատմությունը>> (սկզբից մինչև 1917 թ). աշխատությունը:

1931թ. երկրաշարժից մի քանի տարի հետո, գյուղում սկսվեցին կառուցել դպրոցական նոր, երկրորդ, ավելի մեծ շենքը, որի կառուցումն այդպես էլ չկարողացան ավարտին հասցնել` Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով: Դպրոցի շենքի հիմնական կենտրոնական մասը շահագործման հանձնվեց 1937 թվականին, իսկ երկու ծայրերի կիսակառույցները մնացին անավարտ:

1937 թվականին գյուղի 7-ամյա դպրոցը թույլտվություն ստացավ Հայաստանի Լուսժողկոմատի կողմից` 1938/39 ուստարում միջնակարգ դպրոց բացելու վերաբերյալ:

1968 թ. հունիսի 9-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով խիստ վնասվեց դպրոցի շենքը և վտանգավոր դարձավ ուսուցման գործընթացը այնտեղ շարունակելը: Ուստի ձեռնամուխ եղան դպրոցի նոր` տիպային շենքի շինարարության աշխատանքներին, որն էլ շահագործման հանձնվեց 1972/73 ուստարում:: Այս անգամ դպրոցի շենքի բակում կանգնեցվեց Հայրենական մեծ պատերազմում զոհված, Սովետական Միության հերոս, տաթևացի Սուրեն Սմբատի Առաքելյանի կիսանդրին:

Տաթևի միջնակարգ դպրոցը տվել է բազմաթիվ շրջանավարտներ, այդ թվում` նաև մի շարք մեդալակիրներ: Շրջանավարտների մի մասը ուսումը շարունակել է բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում, ձեռք բերել մասնագիտություն և աշխատանքի անցել գյուղում կամ այլ բնակավայրերում: Ընդ որում` բարձրագույն կրթություն ստանալով` շուրջ տասնհինգ տաթևացիներ շարունակել են իրենց ուսումը, տարբեր մանագիտությունների գծով ստացել գիտական աստիճան և իրենց լուման դրել գիտության և կրթության զարգացման գործում:

Տաթևի դպրոցը տվել է մեծ թվով բարձրագույն կրթությամբ բժիշկներ, տնտեսագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, լեզվաբաններ, մաթեմատիկոսներ և այլ մասնագիտության տեր մարդիկ:

Այժմյան միջնակարգ դպրոցն ունի տիպային գեղեցիկ շենք` իր գրադարանով, ուսումնական լաբորատորիաներով, համակարգչային լսարանով, ակումբով, մարզադահլիճով: